Շուրջ կես տարվա ստեղծագործական աշխատանք, երկարատև բեմական փորձեր, Գյումրի-Վանաձոր մշակութային երկխոսություն, նոր ձևաչափ, պարի ու թատրոնի համդիպում մեկ բեմում, ազգային կարևորության խնդիրների վերհանում՝ համերգ-ներկայացման միջոցով. արդյունքնում «Հորովել» մշակութային նախագիծ՝ Վանաձորի համանուն երգի-պարի անսամբլի, Գյումրու Վ. Աճեմյանի և Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնների դերասանների մասնակցությամբ: «Հորովել»-ի առաջին պրեմիերան Վանաձորում էր՝ մայիսի 17-ին, երկրորդը՝ Ստեփանակերտում՝ հունիսի 12-ին: Նախագծի վերջին՝ տոնական ակորդը տրվեց մշակութային մայրաքաղաք Գյումրիում. հայաստանյան ամենաքննադատ հանդիսատեսը համերգ-ներկայացումը մի քանի անգամ ընդմիջեց ծափերով, ողջունեց բռավոներով ու ճանապարհեց՝ բարի երթի մաղթանքներով: Հորովելյան հաղթարշավի ողջ ընթացքում արտիստների ու կազմակերպիչների աշխատանքը բարձր են գնահատել ինչպես հայ ու արտասահմանյան հայտնի արվեստագետներ, այնպես էլ պետական գերատեսչությունների ղեկավարներ:
Ստեփանակերտի բեմելից հետո Վանաձորի քաղաքապետարանին ու «Հորովել»-ին պատվոգրեր հանձնեց ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, նախագծի մասնակից բոլոր երեք համույթները հունիսի 21-ին պարգևատրվեցին Շիրակի մարզպետի պատվոգրերով, Վանաձորի քաղաքապետի շնորհակալագրեր ստացան նախագծի գյումրեցի անդամներն ու կազմակերպիչները: Եթե այս ամենին գումարենք նաև հանդիսատեսի ջերմ ընդունելությունն ու երեք մշակութային քաղաքներում անվերապահորեն բարձր գնահատականի արժանանալը, վստահաբար կարելի է պնդել՝ «Հորովել»-ն անտարբեր չթողեց և ոչ մեկին, ու անտեղի չէր բոլոր նրանց տքնաջան աշխատանքը, ում համախմբել էր «Հորովել»-ը:
ՀՀ մշակույթի նախարարության և Վանաձորի քաղաքապետարանի աջակցությունը վայելող նախագիծն այլևս իրականություն է, շարունակություն ունենալ-չունենալու հարցի պատասխանն էլ կտա ժամանակը: Նշենք նաև, որ համերգ-ներկայացման բեմադրության հեղինակներն էին Գյումրու դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանն ու ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը, «Հորովել»-ը բեմին էր Լուսինե Խաչատրյանի նկարչական ձևավորմամբ: